Դպրոցի պատմություն

Դպրոցի պատմություն

Ներքին Խնձորեսկ բնակավայրի հիմնումը 1983 թվականի կարևորագույն իրադարձություններից մեկն էր: 1983 թվականի հոկտեմբերին ՀԿԿ Գորիսի շրջկոմն ու շրջանային սովետը համատեղ որոշեցին Խնձորեսկ գյուղից 8 կմ հարավ-արևելք Ադրբեջանական ՍՍՌ Կուբաթլիի շրջանին սահմանակից մասում նոր գյուղ հիմնել, որը հետո պարիսպ հանդիսացավ ադրբեջանցիների հարձակումներից:

Իսկզբանե այն ստեղծվել է Խնձորեսկ գյուղի հողատարածքները ռացիոնալ ու շահավետ օգտագործելու, գյուղի տնտեսական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով, և Խնձորեսկին պատկանող հողատարածքներից 600հա տրամադրվում է նոր ստեղծվող գյուղին:

«Ես ողջունում եմ Գորիսի շրջկոմի իրոք պատմական որոշումը հայոց հողի վրա նոր բնակավայր ստեղծելու մասին, մանավանդ որ այդ բնակավայրը պետք է հիմնվի Զանգեզուրում, Խնձորեսկից հարավ:

Դա չափազանց խրախուսելի ու խելացի քայլ է Միության մեջ ցրված խնձորեսկցիներին մի տեղ հավաքելու, հողը շենացնելու տեսակետից:

Կանցնեն տարիներ և հայ աշխարհի քարտեզի վրա կնշվի նոր բնակավայրի ծնունդը:

Ամեն կերպ կձգտեմ օգտակար լինել այդ մեծ ու սուրբ գործի համար»,- այսպես է արձագանքել Ներքին Խնձորեսկի հիմնադրմանը Սերո Խանզադյանը:

Գյուղի ստեղծմանը սկզբում թերահավատ էին շատերը: Ոմանք կարծում էին, թե այստեղ գյուղ հնարավոր չէ կառուցել, իսկ շատերը մինչև հիմա էլ այն կարծիքին են, որ, միևնույն է, այս գյուղը հեռանկար չունի: Բայց և այնպես աստիճանաբար գյուղը կամաց-կամաց նմանվեց գյուղի  փայտաշեն տնակների կողքին կառուցվեցին քարե շենքեր: Անհրաժեշտություն առաջացավ նաև նորաստեղջ գյուղում հիմնել կրթօջախ: 1989 թվականի մարտի 10-ին բացվեց գյուղի «Դպրոց-մանկապարտեղը»:

ԽՍՀՄ գրողների միության անդամ, հայ գրողների միության քարտուղար Էդուրդ Զոհրաբյանը այսպես է արտահայտվել դպրոցի ստեղծման մասին. «Հավատում եմ Խնձորեսկ-2 գյուղի լուսավոր ապագային և անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան: Ուրախ եմ, որ դպրության օջախ է ստեղծվել և այն կհամալրվի նոր սաներով և մանկավարժներով, կդառնա շրջանի լավագույն դպրոցներից մեկը:

Հաջողություններ եմ ցանկանում դպրոցի մեծ ու փոքրին, գյուղի ողջ ժողովրդին, մեզ համար տագնապալի այս օրերին իրենց հուզող հարցերի լուծման ճանապարհին»:

Ի սկզբանե ինչպես գյուղը, այնպես էլ դպրոց-մանկապարտեզը տեղավորված էր փայտե տնակներում:

Դպրոցի առաջին տնօրենը Արկադի Ծատուրյանն էր, ով միշտ գեղեցիկ ծրագրեր էր կապում գյուղի հետ: Առաջին ուսուցիչներից էին Անուշիկ Գրիգորյանը և Վալյա Բաղդագուլյանը:

Նորաստեղծ դպրոցում սովորում էին 12 աշակերտ, որոնք տարրական դպրոցում էին սովորում: Աշակերտների թվի մեծացմանը զուգընթաց դպրոցը վերակազմավորվեց միջնակարգի:

2004թ. կառուցվեց քարաշեն դպրոց:

2004թ. դպրոցի տնօրեն նշանակվեց առաջին ուսուցչուհի Անուշիկ Գրիգորյանը:  2004-2016թթ. դպրոցի շրջանավարտներից բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց ուսումը շարունակել են 10 աշակերտներ:

Այսօր դպրոցում սովորում է 27 աշակերտ՝ 13 տղա և 14  աղջիկ: